Ներկա պայմաններում, երբ աշխարհը, Չարենցի խոսքերով, դարձել է մի փողոց, աշխարհաքաղաքական պայքարի ոլորտում իր կարևորությամբ ավելի ու ավելի է առաջ մղվում ստրատեգիական կանխատեսումների ու պլանավորումների ոլորտը։
Այս իմաստով, տարբեր երկրները իրարից տարբերվում են նրանով, թե իրե”նք են գնում բախտորոշ իրադարձությունների հետևից, թե՞ հակառակը՝ իրադարձություններն են գնում իրենց հետևից։
Բնականաբար, հաջողության շանսը շատ ավելի մեծ է նրանց մոտ, ովքեր ունակ են կանխատեսել բախտորոշ իրադարձությունների ընթացքը և պլանավորել ու կառավարել դա իրենց օգտին, ինչպես նաև ստիպել մրցակիցներին գնալ այդ իրադարձությունների հետևից։
Ի տարբերություն ժամանակի մեջ առաջ ընկած տեսանողների ու իրենց գործերը ժամանակին պլանավորողների, ուրիշների ստեղծած իրադարձությունների հետևից գնացողները գլոբալ պայքարում շատ ավելի փոքր շանսեր ունեն հաջողության հասնելու և, եթե ունեն էլ, ապա շատ մեծ կորուստների գնով։
Վերջիններս էլ, իրադարձությունների ընթացքը ինքնահոսի թողնելով, գոյապայքարում առաջնորդվում են «դե մի բան կլինի, էլի» անհուսալի սկզբունքով։
Գոյապայքարում հաջողությունների հասնելու համար, որը շատ կարևոր է, առաջին հերթին, գլոբալ խաղացողների համար, պետք է ունենալ ուժ և այն կառավարելու ունակություն։
Ակնհայտ է նաև, որ ուղեղների վրա հիմնված կառավարման ունակությունը ի վիճակի է բազմապատկել ֆիզիկական ուժը, այսինքն, տվյալ շատ թե քիչ ինքնուրույն քաղաքականություն վարող երկրի հզորությունը որոշվում է որպես նրա ուժի և այդ ուժը իր օգտին կառավարելու ունակության արտադրյալ, որի համար կարևոր է ուղեղների առկայությունը և նրանց դիրքը հասարակության մեջ։
Բոլոր երկրներն էլ ունեն այս երկու հատկությունները, բայց տարբեր չափերով։
Նույն հզորությամբ երկու երկրներից մեկը կարող է լինել շատ ուժեղ, բայց անհետևողական ու կարևոր գործերը ականջի հետև գցող, իսկ մյուս, համեմատաբար թույլ երկիրը, ընդհակառակը, կարող է հենվել իր ուղեղների ու տեսանողների վրա, անկախ նրանից, թե այդ մտածողները ներսից են, թե ներմուծված, առաջ ընկնելով իրադարձություններից, ունենա նույն կամ ավել հզորություն, քան ինքնակառավարումից թույլ ֆիզիկապես շատ ուժեղը։
Այս իմաստով դժվար չէ պատկերացնել նաև այն երկրների վիճակը, որոնք, ոչ ուժ ունեն և ոչ էլ արդյունարար ուղեղ, քանի որ կարող ես ունենալ շատ ուղեղներ, բայց անկազմակերպ լինելու արդյունքում դրանք կարող են ոչ թե գումարվել իրար հետ, այլ փոխադարձ մերժման մթնոլորտում թուլացնել մեկը մյուսին։
Հզորության այս երկու չափումներին, այն է ուժին ու խելք/կառավարմանը, կարող է ավելացվել նաև երրորդը արտադրիչը՝ մարդկանց պասիոնարությունը կամ ապրելու կամքը, որի բացակայությունը կարող է զրոյացնել ցանկացած հզորություն։
Պավել Բարսեղյան